«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Հուլիսի 5-ին Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու դիրքում

Հուլիսի 5-ին Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու դիրքում
03.07.2013 | 17:51

Հուլիսի 5-ին Գրինվիչի ժամանակով (UTC) 15:00 Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է ափելիոն (հունարեն «ափ»` հեռու և «հելիոս»` Արեգակ բառերից) կամարևահեռ կետ: Երկրի միջին հեռավորությունն Արեգակից մոտ 149.6 միլիոն կմ է, որն ընդունված է որպես 1 աստղագիտական միավոր (ա. մ.), սակայն քանի որ Երկրի ուղեծիրն էլիպսաձև է, այդ հեռավորությունը փոփոխվում է մոտ 147-152 միլիոն կմ-ի սահմաններում, և Երկիրն Արեգակից միշտ նույն հեռավորության վրա չէ: Աստղագետները բավական մեծ ճշտությամբ են չափել Երկրի ուղեծրի պարամետրերը: Այսպես, ավելի ճշգրիտ, Երկիր-Արեգակ հեռավորությունը փոփոխվում է 147 166 462 – 152 171 522 կմ սահմաններում և միջինում կազմում է 149 597 870.691 կմ, իսկ լույսն Արեգակից Երկիր է հասնում միջինում 8 րոպե 19 վայրկյանում: Արեգակի շուրջ Երկրի պտույտը տևում է 365 օր, 5 ժամ, 48 րոպե և 46 վայրկյան (365.242199 տարի, այսինքն սա է տարվա ճշգրիտ տևողությունը): Իսկ աստղագիտական միավորի արժեքը սահմանված է 149 597 870.700 կմ:
Բոլոր մոլորակներն էլ Արեգակի շուրջ (և ընդհանրապես երկնային մարմինները՝ իրար շուրջ) պտտվում են ոչ թե շրջանաձև, այլ էլիպսաձև ուղեծրերով (այդ օրինաչափությունն առաջինը հասկացել է Յոհան Կեպլերը, որից հետո միայն հաշվարկները ճշգրտվեցին, և Կոպեռնիկոսի տեսությունն ընդունվեց գիտական հանրության կողմից): Երկրի ուղեծիրը շատ փոքր ձգվածություն ունի` համեմատած մյուս մոլորակների ուղեծրերի հետ. համարվում է, որ սա էլ հավանաբար կյանքի գոյության հայտանիշներից մեկն է, քանի որ շրջանաձևին մոտ ուղեծիրը կայուն պայմաններ է ապահովում տվյալ մոլորակի վրա: Հակառակը, հատկապես ձգված են Մերկուրիի և Պլուտոնի ուղեծրերը:
Կա սխալ տեսակետ, որ Երկրի վրա տարվա եղանակների փոփոխությունը տեղի է ունենում Արեգակից հեռավորության փոփոխության պատճառով, սակայն այդ տարբերությունն ընդամենը 3% է և չի կարող էապես ազդել Արեգակից Երկիր հասնող ջերմության վրա: Ավելին, Երկիրն Արեգակին ավելի մոտ է ձմռանը (հունվարի սկզբին, երբ գտնվում է պերիհելիոնում կամ արևամերձ կետում), իսկ ամենահեռուն` ամռանը: Այդ պատճառով հյուսիսային կիսագնդում ամռան և ձմռան տարբերությունը մի փոքր մեղմանում է, իսկ հարավային կիսագնդում` սաստկանում:

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ